Սպիտակ-Գյումրի ճանապարհին ՊՆ Ուրալ է վթարի ենթարկվել․ ինչ է հայտնի այս պահին

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 15․5 կմ հատվածում, բախվել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և «Ուրալ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Հնարավոր է նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Ուրալը» հաշվառված է ՀՀ ՊՆ N զորամասի հաշվեկշռում, իսկ բախման հետևանքով էլ «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։

Հավանեցի՞ք հոդվածը, կիսվեք ընկերների հետ։
24MEDIA.am